Երեւանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի կարողանա նորից զբաղեցնել իր պաշտոնը, քանի որ Հայաստանի իշխող կուսակցությունը Երեւանի ընտրություններում անհրաժեշտ քանակով քվե չի կարող հավաքել, եթե չլինեն բազմակի քվեարկությունները, ընտրակաշառքն ու վարչական լծակների օգտագործումը: Այս մասին, այսօր` մայիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Արմեն Ռուստամյանը:
«Հենց դրա համար Հայաստանի իշխող կուսակցությունն անում է ամեն հնարավոր բան` ընտրություններն ապաքաղաքականացնելու համար եւ համոզում է մարդկանց, որ Տարոն Մարգարյանը քաղաքի համար շատ լավ բաներ է արել»,- նշել է Արմեն Ռուստամյանը:
Դիտարկմանը, թե մարդիկ սիրում են Տարոն Մարգարյանին, նա ասել է. «Ես էլ եմ նրան սիրում: Ես ընդհանրապես սիրում եմ մարդկանց, եւ մասնավորապես Տարոն Մարգարյանին, բայց խնդիրը սիրո մեջ չէ: Մենք պետք է գիտակցենք` ի՞նչ ենք ուզում անել այս երկրում»:




























