Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը 6-ամսյա ժամկետում ՀՀ կառավարություն պետք է ներկայացնի Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ պահանջների եւ չափանիշների նախագիծը: Այդ մասին ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է մայիսի 2-ին:

Այսպիսով` Մեղրին կդառնա չորրորդ քաղաքը, որտեղ կթույլատրվի խաղատների հիմնումը, Ջերմուկից, Սեւանից եւ Ծաղկաձորից հետո: Նշենք, որ 2014 թ. հունվարի 1-ից ՀՀ տարածքից բոլոր այն խաղատները, որտեղ համապատասխան չափանիշների համապատասխան խոշոր ներդրումներ (առնվազն 40 մլրդ դրամ) չեն իրականացվել, պետք է տեղափոխվեն Ջերմուկ, Սեւան եւ Ծաղկաձոր: Նախապես որոշված էր, որ այդ տեղափոխումը պետք է կատարվի 2013 թ. հունվարի 1-ից, սակայն այնուհետ գործընթացը 1 տարով հետաձգվեց:

Կառավարությունը մայիսի 2-ի նիստում հաստատեց նաեւ այն չափանիշները, որոնցով պետք է առաջնորդվեն կազինոները առողջարանային վերը նշված քաղաքներում (մասնավորապես` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից որոշակի հեռավորություն):