Հաղթանակի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 2-ին նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրելու մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 5 հոգի:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 244 հոգի, որից 10-ը` հետմահու:
Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել է 26 հոգի, որից 3-ը` հետմահու:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրվել է 4 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 2 հոգի:
Նույն օրը Նախագահ Սահակյանը ստորագրել է նաեւ կարգադրություն` մի խումբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Պաշտպանության բանակի զինծառայողների, Արցախի ազատամարտիկների, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:




























