Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն, այսօր՝ մայիսի 2-ին, ընդունել է Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների դերն ու նշանակաությունն ընտրական գործընթացներում:
Դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով ԿԸՀ նախագահը ներկայացրել է տեղեկատվություն` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի, ինչպես նաեւ հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Քննարկվել են նաեւ ընտրական հանձնաժողովների կազմավորման, ընտրողների ցուցակների վարման եւ կազմման սկզբունքներին առնչվող հարցեր:




























