Արարատի մարզի Եղեգնավան գյուղի տարածքում վթարի հետեւանքով մահացած ՌԴ N ուղեկալի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 23-ամյա Թովմաս Առաքելյանը տան փոքրն էր եւ շուրջ 2 տարի է, ինչ ծառայության մեջ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Արտաշատի գյուղապետ Աշոտ Ղազարյանը, հավելելով, որ Թովմասն ունի իրենց մեծ մեկ եղբայր եւ փոքր քույր:

Տղայի հայրն արտագնա աշխատանքի է եղել Մոսկվայում եւ զանգի միջոցով են տեղեկացրել դժբախտ դեպքի մասին, նա հավանաբար այսօր արդեն կվերադառնա Հայաստան: «Շաբաթը մեկ անգամ էր գալիս տուն: Այդ օրը կամ հերթափոխի գնալուց են եղել կամ հերթափոխից  գալուց: Մեքենան շրջվել է ջրատարը եւ երեք հոգի տուժել են, մյուս երկուսը կարողացել են դուրս գալ` նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ Թովմասը դժբախտաբար մահացել է»,- մանրամասնեց գյուղապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 2-ին, ժամը 06.01-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում էր, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հասնելով կանչի վայր՝ պահանջել է ջրասուզակ: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ջրափրկարարները: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 35 ՕТ 105 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից Կախանովի ջրանցքը: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից. ավտոմեքենայում հայտնաբերվել է ՌԴ N ուղեկալի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 23-ամյա Թ. Առաքելյանի (Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղ) դին: