Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները կարեւոր քաղաքական նշանակություն ունեն: Այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցների հանրահավաքում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով գլխավորում է ԲՀԿ համամասնական ընտրացուցակը:

Նրա խոսքով, անկախ Հայաստանի զարգացման ճանապարհին գլխավոր խոչընդոտը քաղաքական մենաշնորհն է, եւ հենց դրա վերացումը պետք է լինի ընտրությունների գլխավոր նպատակը: «Եթե «Բարգավաճ Հայաստանին» միայնակ կամ այլ ոչ իշխանական ուժերի հետ հաջողվի լուծել այդ խնդիրը, Երեւանի նոր քաղաքապետը իրական այլընտրանք կդառնա կառավարությանը եւ նրա քաղաքականությանը: Ավելին, քաղաքի ղեկավարությունն ու Հայաստանի կառավարությունը կսկսեն վերահսկել իրար գործունեությունը, ինչը չի կարող դրական չազդել ողջ երկրի վրա»,- ասել է Օսկանյանը:

Ռոբերտ Քոչարյանի երկարամյա ԱԳ նախարարը, դառնալով ընդդիմադիր, ԲՀԿ հաղթանակի դեպքում խոստացել է փոխել կառավարման փիլիսոփայությունը: