Նրանք, ովքեր չեն եղել փետրվարի 18-ին, հիմա բարձր հայտարարություններ են անում: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Երեւանի Նոր Նորք թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա խոստացել է, որ ընտրություններից հետո նոր իրավիճակ ստեղծվելու, եւ շարքային քաղաքացիները կվերադարձնեն իշխանությունը, որը երկար տարիներ խլված է իրենցից: Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել կրկնել փետրվարի 18-ի անակնկալը եւ մայիսի 5-ին եւս համաքաղաքային անակնկալ մատուցել իշխանություններին:
Անդրադառնալով միավորման կոչերին, նա համաձայնել է, որ ժողովուրդը վաղուց է միացում պահանջում, ապա հարց ուղղել, թե որտե՞ղ էին մինչեւ փետրվարի 18-ը նրանք, ովքեր այսօր նման կոչեր են անում: «Ժառանգության» առաջնորդը հիշեցրել է, որ միակ ոչ կուսակցական ուժը «Բարեւ Երեւան» դաշինքն է: «Բայց ես չեմ մեկնաբանի նրանց, ովքեր չկային փետրվարի 18-ին, իսկ հիմա բարձրագոչ հայտարարություններ են անում»,-ասել է նա:
Հովհաննիսյանը նաեւ մեկնաբանել է Նոր Նորքում այսօր տեղի ունեցած միջադեպը, երբ ոմն Վարդան իր խմբով խոչընդոտել է «Բարեւ Երեւան» դաշինքի ակտիվիստներին բուկլետ բաժանել: «Ես չեմ վախենում ոչ Սարգսյանից, ոչ մարզպետներից, ոչ թաղային հեղինակություններից: Նրանք խոսում են Անդրանիկ Մարգարյանի անունից, մեջբերում են Աշոտ Նավասարդյանի խոսքերը, բայց եթե նրանք համարձակություն ունեն, թող գան այստեղ»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր հերթին, «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ այդ երիտասարդներին չի շփոթեցրել ոստիկանության ներկայությունը, թեեւ ոստիկանությունն արագ միջամտել է:
Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Նորքում, ապա նաեւ Արաբկիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Երեւանում ներկայումս տիրող իրավիճակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործողությունները պարզապես ծաղր ուծանակ են: Նա հայտարարել է, որ հավատում է «Բարեւ Երեւան» դաշինքի հաղթանակին, պատրաստ է ընտրություններից հետո համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, ապա հավելել, որ բոլոր հարցերին կպատասխանի մայիսի 9-ին:




























