Հայաստանի հանրապետական կուսակցությունը ժողովրդին բաց ասում է, որ գողացել եւ շարունակելու է գողանալ: Այդ մասին Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, գործող քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանի հայտարարագիրը պաշտոնեական հանցագործության վկայություն է, որը կոծկվում է իշխանությունների կողմից:
«Տարոն Մարգարյանի հայտարարագրում նույն այդ իշխանության ներկայացրած տեղեկություններից հետեւում է, որ վերջինս, տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելով, ահռելի հարստություն է կուտակել` 6-ից 10 մլն դոլար: Ընդ ոում, սեփական խոտովանությամբ, ժառանգություն, չի ստացել, կողմնակի եկամուտներ չի ունեցել եւ չի գնել իր օրինական աշխատավարձով. «Այսպիսով, մենք կարող ենք խոսել ժողովրդի հարստության թալանի մասին»:
Ընդդիմադրի խոսքով, ոչ միայն Մարգարյանը, այլեւ ողջ Հանրապետական կուսակցությունը «բաց հայտարարում են` գողացել են ու գողանալու ենք»: Ըստ Զուրաբյանի, առաջիկա ընտրությունները վերածվում են հանրաքվեի. «Կստանա՞ արդյոք Հանրապետական կուսակցությունը թալանը շարունակելու մանդատ, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, ՀԱԿ ցուցակը գլխավորում է Վահագն Խաչատրյանը:




























