Ես ուրախ եմ, որ լրագրողներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած հանդիպումները. տվյալ դեպքում «Բարեւ Երեւան» դաշինքի հանդիպումները երբեք աչքի չեն ընկել մարդկանց մեծ թվով: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, մամուլի ասուլիսում նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով մայիսի 1-ին Ազատության հրապարակում իրենց հրավիրած հանրահավաքի մասնակիցների փոքր թիվը, որի պատճառով հանրահավաքի կեսից հայտարարվել է, որ սա հանդիպում է Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ:

Նրա խոսքով՝ «Բարեւ Երեւան» դաշինքում օլիգարխներ, որոնք վճարեին հանրահավաքին ներկա լինելու համար կամ մարդկանց հարկադրաբար բերեին հանդիպման: «Ընտրողների հետ մեր հանրահավաքներին ու հանդիպումներին մարդիկ գալիս են բացառապես իրենց ցանկությամբ: Կար բացթողում նաեւ մեր կողմից, մենք երբեմն հանրահավաքներ են անցկացնում անհարմար ժամերի, հանգստյան կամ տոն օրերին, ինչպես նաեւ կեսօրի շոգ ժամերին: Սակայն որքան էլ փոքրաթիվ լինեն մեր հանրահավաքները, «Ժառանգությունը» միշտ ստացել է ընտրողների ձայները եւ պետք չէ ուղիղ կապ տեսնել հանրահավաքում մարդկանց թվի եւ իրենց ձայնը մեզ տվող մարդկանց թվի միջեւ»,-ասել է Մարտիրոսյանը:

Իր հերթին, «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարող Գագիկ Բաղդասարյանը նշել է. «Այնպես ստացվել է, որովհետեւ մայիսի 1-ն էր եւ Ստեփան Սաֆարյանը ճիշտ է վարվել, որ միջոցառումը համարել է ընտրողների հետ հանդիպում: Հիմա մենք հասկացանք, որ մայիսի 1-ին ճիշտ չէ ժողովրդին կտրել իրենց ընտանիքներից»:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am