Ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք կներառվեն Երեւանի ավագանու կազմում, միանշանակ կկարողանան համագործակցություն սկսել: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Հայաստանի ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Հավանական եմ համարում նման համագործակցությունն այն ուժերի միջեւ, որոնք կկարողանան հաղթահարել շեմը»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք այդ դաշինքում ԲՀԿ-ն համաձայն է միայն առաջատա՞րի դերին, Զոհրաբյանը պատասխանել է, որ շատ բան կախված կլինի քվեների բաշխումից: «Սակայն ենթադրում ենք, որ արդար ընտրությունների պարագայում առաջին տեղում կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Երկրորդ տեղի համար պայքար կծավալվի»,-հավելել է խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: