«Արմավիա» ավիաընկերության բորտուղեկցորդները բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով աջակցել իրենց հասանելիք աշխատավարձն ստանալու հարցում:
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ձեզ են դիմում «Արմավիա» ավիաընկերության բորտուղեկցորդները: Մենք արդեն մեկ անգամ դիմել ենք Ձեզ նամակով` հայցելով Ձեր անդրադարձը եւ աջակցությունը մեր խնդրի լուծմանը: Խնդիրն այն է, որ 2012թ. հոկտեմբերից մինչ այսօր մենք չենք ստացել մեզ հասանելիք աշխատավարձը: Սակայն Ձեր պատասխան նամակը չէր պարունակում խնդրի լուծման տարբերակ եւ հասցեագրվեց «Արմավիա» ավիաընկերության նախագահին (սեփականտիրոջը), որն իր հերթին այդ նամակի բովանդակությունը դարձրեց ծաղրի եւ հեգնանքի առարկա, հարցնելով բոլոր այդ նամակը ստորագրողներին` արդյոք օգնեց ձեզ ձեր նախագահը:
Տեղեկացնում ենք Ձեզ նաեւ, որ վերջին մոտ երկու տարվա ընթացքում ավիաընկերության կողմից մեզանից գանձած սոց. վճարները չեն փոխանցվել համապատասխան մարմիններին,ինչը մեզ համար մեծ նշանակություն ունի հետագա թոշակի հաշվարկման համար:
Մեկ անգամ եւս խնդրում ենք անդրադառնալ մեր աշխատավարձի հարցին, քանի որ դա մեր քրտինքի, առողջության եւ կյանքի գնով աշխատած գումարն է, եւ պարզաբանել չվճարված սոց. վճարների հարցը` հանձնարարականներ տալով համապատասխան մարմիններին (ՀՀ Աշխատանքի պետ. տեսչությանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը):
Խորհին շնորհակալություն ենք հայտնում Ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար»:


























