Մեղրը կդառնա առաջին ապրանքը, որը ռուսական շուկա կվերադառնա Վրաստանից: Վրաստանի Սննդի ազգային գործակալության ղեկավար Զուրաբ Ճեկուրիշվիլին հայտարարել է, որ մեղրի մատակարարումները Ռուսաստան կվերսկսվեն մայիսյան տոներից անմիջապես հետո: Դրանից անմիջապես հետո Վրաստանը կսկսի Ռուսաստան մատակարարել մրգեր ու բանջարեղեն, իսկ աշնանը՝ նաեւ ցիտրուսներ: Ռուս գործարարները հետաքրքրված են պնդուկի եւ կանաչեղենի արտահանմամբ:

Ինչ վերաբերում է գինիների մատակարարումներին, «Գինու ազգային գործակալության» ղեկավար Լեւան Դավիթաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ՌԴ-ից սպասում է ակցիզային դրոշմանիշների, որից հետո կսկսի ալկոհոլային խմիչքների արտահանումը: Ակցիզային դրոշմանիշների մատակարարումը սպասվում է մայիսին: Առաջինը ռուսական շուկա դուրս կգա «Գուդլաձեի գինետուն» ընկերությունը: Դավիթաշվիլիի խոսքով՝ առաջին տարվա ընթացքում Վրաստանը մտադիր է վաճառել 8-10 մլն շիշ գինի, ինչը 4 անգամ ավելի քիչ է, քան նախքան էմբարգոյի հայտարարումը:

Արժե նշել, որ մայիսից ռուսական շուկայում կհայտնվի նաեւ «Բորժոմի» հանքային ջուրը, որն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը եւ ստացել համապատասխան թույլտվությունները: