Երեւանի քաղաքապետի ՕԵԿ-ի թեկնածու, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը քվեարկել է Էրեբունի վարչական շրջանի 13/15 ընտրատեղամասում ժամը 10-ին: Նա քվեարկության է ր եկել տիկնոջ հետ: Ընտրությունը կատարելուց հետո պատասխանելով լրագրողներին հարցերին՝ քաղաքապետի թեկնածուն նշեց, որ «Երեւանը լինելու է գեղեցիկ ու երեւանցիները հպարտանալու են իրենց քաղաքով: Նա նշեց, որ ընտրությունների ընթացքին հետեւել է ՕԵԿ շտաբում: Ընտրությունների ընթացքի մասին նա կարծիք հայտնեց, որ դրանք կանցնեն բնականոն:

«Միասին մենք երեւանցիներով կարող ենք այնպես անել, որ միջազգային կազմակերպությունները մեկ անգամ եւս տեսնեն եւ վստահ լինեն, որ Երեւանում կարող են անցնել այնպիսի ընտրություններ, որոնք կարող են համապատասխանել միջազգային ստանդարտներին»,- ասաց Արմեն Երիցյանը:

Նրա քվեարկած Էրեբունի վարչական շրջանի 13/15 ընտրատեղամասում 1726 ընտրողից  ժամը 10-ի դրության քվեարկել է 145-ը: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմինե Վարդանյանի խոսքով, ակտիվություն գրանցվել է հենց ժամը 8-ից: Միջադեպեր չեն գրանցվել: