Սիրիայում Հայաստանի դեսպանատունը չի տուժել Դամասկոսում եւ նրա մերձակայքում հնչած պայթյուններից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը, այսօր գիշերը Դամասկոսում` Ալ-Գամա շրջանի մերձակայքում պայթյուններ են լսվել: Նախնական տվյալներով, պատճառը Ջամրայա շրջանում Գիտահետազոտական կենտրոնի վրա Իսրայելի հրթիռային հարվածն է եղել:
«Իսրայելի տվյալ ագրեսիան կրկին հաստատում է Սիրիայի դեմ դավադրությունը, նաեւ ցույց տալիս, որ զինված խմբավորումները ներգրավված են իսրայելական ագրեսիվ պլաններում, որին աջակցում են Արեւմուտքի, տարածաշրջանի եւ Արաբական ծոցի որոշ երկրներ: Իսրայելական նոր ագրեսիան իրականացվել է զինված խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու փորձերի ֆոնին, եւ հաստատում է սիոնիստական զավթիչների ներգրավվածությունը Սիրիայի դեմ դավադրությանը»,- ասվում է Սիրիայի կառավարության խոսափող ՍԱՆԱ-ի հաղորդագրության մեջ:



























