Երեւանի ավագանու ընտրություններում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ժամը 19:30 դրությամբ 61 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ 2-ով արդեն քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից։
Ըստ հաղորդագրության՝ ժամը 18:00-ից հետո ավելացել են հետեւյալ նյութերը։
05.05.2013թ. ժամը 15:30- ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Շերամի փողոցի 69 շենքի, բնակչուհի ՆԲ. Գ.-ն եւ հայտնել, որ ժամը 14:10-ին Մալաթիա-Սեբաստիայում` Խաչիկ Խաչատրյանի շտաբ են մտել երկու անձը չպարզված լրագրողներ, բացել են աշխատակիցների տետրերը եւ նկարահանել այն:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013թ. «1in.am» լրատվական կայքում տեղադրվել է «Ուրիշի փոխարեն քվեարկության դեպք թիվ 3/23 ընտրատեամասում» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Քանքաեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 147 դպրոցում տեղակայված թիվ 3/23 ընտրատեղամասում «Ազատություն ռադիոկայանը» ականատես է եղել, որ քաղ. Հ. Մ.-ն եկել է նշված տեղամաս քվեարկելու, սակայն պարզվել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են: Հանձնաժողովի նախագահը ի պատասխան լրագրողի հարցին հայտնել է, որ կփորձեն վերականգնել նրա ընտրական իրավունքը:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013 թ. ժամը 16:00-ին ահազանգել է «Ի լուր» լրատվական կայքի լրագրողը եւ հայտնել, որ թիվ 2/31 ընտրատեղամասում հավաքվել են մի խումբ անձինք եւ խանգարում են ընտրությունների գործընթացը:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013թ., ժամը 16:22-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Ա.Տիգրանյան փող. 38 շենքի բնակիչ Ա. Գ.-ն եւ հայտնել, որ Ա.Տիգրանյան փող. 3/27 ընտրատեղամասի դիմաց փող են բաժանում:
Նախապատրաստվում են նյութեր:
05.05.2013թ, ժամը 16:25-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ Նորագավիթ թաղամասի թիվ 140 միջն, դպրոցում տեղակայված 12/11 տեղամասում դիտորդին չեն թողնում մտնի ընտրական տեղամաս:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013թ., ժամը 16:30-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստ. բաժին է ստացվել «ilur.am» կայքէջում տեղադրված է «Կոնգրեսի ամփոփաթերթիկը ժամը 14:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումներ» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ թիվ 4 ընտրատարածքում, Թբիլիսյան խճուղի 7 շենքի բակում գտնվող խանութի երկրորդ հարկում գումար է բաժանվում, ընտրողները գումար են վերցրել, թիվ 71 երթուղային միկրոավտոբուսով ընացել ընտրատարածք:
Կատարվում է հետաքննություն:
05.05.2013թ., ժամը 17:00-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստ. բաժին է ստացվել «ilur.am» կայքէջում տեղադրված է «Կոնգրեսի ամփոփաթերթիկը ժամը 14:00-ի դրությամբ գրանցված ընտրախախտումներ» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ թիվ 3/06 ընտրատեղամասում դրսից մարդիկ մտել եւ ստիպողաբար քվեարկել են տալիս տեղամաս մտած ընտրողներին, վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել եւ «ՀԱԿ» ու «ՀՅԴ» վստահված անձանց նկատմամբ ճնշում է գործադրվել:
Կատարվում է հետաքննություն:


























