Երեւանի ավագանու ընտրությունները գնահատում եմ մրցակցային, բնականոն, հիմնականում` նորմալ, բնականաբար կար քաղաքական լարվածություն, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը շատ ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում, կանխատեսելի էր նաեւ լարված քաղաքական մթնոլորտը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Նա նկատեց նաեւ, որ եղան քաղաքական ուժեր, որոնք քարոզարշավի ընթացքում անցան քարոզչության սահմանը եւ իրականացնում էին հակաքարոզչություն, վիրավորանքներ: Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ  ընտրությունները անցան բնականոն, նորմալ հունով, իրավապահ մարմինները օպերատիվ կերպով արձագանքեցին խախտումներին: Նա նշեց, որ իրենց շտաբը եւս խախտումներ է արձանագրել, բայց այդ խախտումները չեն կարող որեւէ կերպ ստվեր գցել ընտրությունների որակի վրա: «Կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժողովրդավարական ընթացքը այլեւս անշրջելի է»,- ասաց նա` չցանկանալով կանխատեսել ընտրությունների վերջնական արդյունքները:

Շտաբի ղեկավարը շեշտեց, որ եթե այս դինամիկան շարունակվի, ինքը համոզված է, որ երեւանցին առաջիկա 4 տարիներին կապրի ավելի լավ Երեւանում: Իսկ թե երկրորդ տեղում ում է տեսնում, նա պատասխանեց` ում տեսնում է Երեւանցին:

Անդրադառնալով քաղաքային իշխանության մակարդակով ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու խոսակցություններին` շտաբի ղեկավարն ասաց, որ որեւէ հարց չեն քննարկել: