Երեւանի բնակչության մոտ 4-5%-ն է նյութապես «պարգեւատրվել», ինչը կազմում է մոտ 20,000 հազար ձայն, որոնք ընտրություններում որոշիչ դեր չեն կատարել: Այս մասին մայիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա համոզմամբ՝ այդչափ կաշառված քվեները չէին կարող որոշակի դեր կատարել ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, կամ «Օրինաց երկիր» կուսակցության` ընտրական շեմը չհաղթահարելու գործում: «Այդ քվեները կարող էին միայն բարձրացնել  ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի  առանց այդ էլ մեծ վարկանիշը: Հետեւաբար ընդդիմության կողմից բոլոր դժգոհություններն արտացոլում են միայն վատ կատարված աշխատանքի արդարացումը»,- նշել է սոցիոլոգը` ընդգծելով, որ նշված թվերը վկայում են միայն այն մասին, որ անհրաժեշտ քանակով ձայն չհավաքած ուժերն աշխատել են մաքուր, հակառակ դեպքում 6% ձայն հավաքելն իրենից բարդություն չէր ներկայացնի, կամ էլ Երեւանի ավագանու ընտրությունները նրանց համար  ուղղակի իրենց ցուցադրելու միջոց է եղել:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի` Երեւանի ավագանու ընտրությունները ցուց են տվել, որ ՀՀԿ-ն պահպանում է իր ղեկավար դիրքերը եւ տեղի տալու մտադրություններ չունի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերադարձրել է իր ընտրողների մի մասին եւ կարեւոր չէ` ինչպես, «Ժառանգություն» կուսակցությունը պահպանել է իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 8%-ը: «ՀԱԿ-ը վերադառնալով ՀՀՇ-ի` անվերադարձ կորցրել է իր նշանակալի դերը: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին` նրանք պետք է լրջորեն մտահոգվեն իրենց կուսակցությունների ապագայով»,- ամփոփել է սոցիոլոգը: