Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց հնչած կրակոցների գործով 16 եւ 17 տարեկան 2 երիտասարդ են ձերբակալվել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ կրակելու գործով ձերբակալել է 16-ամյա Մ.Է.-ին եւ ազգությամբ հայ 17-ամյա Գ.Մ.-ին։
Ձերբակալվածներն իրենց ցուցմունքում նշել են, թե գազային ատրճանակ են գնել եւ փորձարկելու համար է Մ.Է.-ն օդ կրակել։ Նրանք պնդել են, թե իրենց արձակած կրակոցները որեւէ կապ չունեն եկեղեցու կամ այնտեղ գտնվողների հետ։
Նշենք, որ մայիսի 5-ին, Ստամբուլի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում անհայտ անձը 7 անգամ օդ էր կրակել եւ հեռացել դեպքի վայրից։ Կրակոցների հետեւանքով եկեղեցում գտնվողների մոտ խուճապ է առաջացել։



























