Մայիսի 7-ին երեւանյան «Մեցցո» ակումբում տեղի կունենա մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն, որը երգահանը բնութագրեց ինչպես «շփում երաժշտի եւ ընկերների հետ, որոնց գլխավորում է Արա Դանիելյանը»:

«Ես կպատմեմ իմ երաժշտական գործերի մասին, դրանց շարժառիթների, գրելու հետ կապված պատմությունների: Եւ կլինի մի աննախադեպ  երեկո, որի արդյունքում կգոյանա իմ եւ իմ ընկերների համատեղ խմբանկարը: Իմ կյանքում սա առաջին անգամ է: Կհնչի թե դասական, եւ թե կիրառական երաժշտություն ֆիլմերից, ցուցադրումներ դրանցից», - պատմեց մաեստրոն մամուլի ասուլիսում (ֆոտոռեպորտաժ):

«Ես ինձ միշտ բնութագրել եմ որպես դասական երաժշտության հեղինակ, բայց քանի որ ունեմ նաեւ ֆիլմերի գործեր, հնարավորություն տրվեց այսպես ներկայանալ», - նշեց Մանսուրյանը, հիշելով նաեւ, որ երբ «1964 թվականին 4-րդ կուրսի ուսանող էր, իրեն առաջարկեցին երաժշտություն գրել ֆիլմերի համար»: «Եւ դա եղավ մի հստակ մուտք կինոյի աշխարհ, որը չափազանց գրավիչ է: Միանգամից կլանում  է մարդուն: Եթե դու չունենաս քաջություն դուրս գալու, կտանի քեզ: Դա տեւեց մինչեւ 85 թվականը: Այժմ առաջարկներ չկան եւ դա լավ է, քանի որ ես մերժել չգիտեմ»,- նկատեց նա:

Մանսուրյանն անդրադարձավ նաեւ իր «Ռեքվիեմին», որի պրեմիերան տեղի է ունեցել մեկ տարի առաջ Գերմանիայում եւ պարզաբանեց, թե ինչու է նման ստեղծագործության հայաստանյան պրեմիերան կայացել միայն այս տարի, ապրիլի 24-ին. «Մյունխենում կան մի խումբ երաժիշտներ, որոնց հետ համագործակցում եմ, որոնք առաջարկում էին գործ գրել: Երկար ժամանակ խուսափում էի դրանից, սակայն ի վերջո առաջարկեցին ինձ «Ռեքվիեմ» գրել: Ես պապանձվեցի եւ այլեւս խուսափելու առիթ չունեցա:

Երբ ամեն ինչ պատրաստ էր, նրանք ինձ ուղարկեցին պայմանագիր, որը ես ստորագրեցի առանց կարդալու: Եւ հետո միայն տեսա, թե ինչ եմ արել: Կետերից մեկն այն է, որ տարի ու կես միայն այնտեղ պետք է նվագել: Եւ առաջին ձայնագրության իրավունքը նույնպես իրենցն էր: Այս արգելքներն էին իմ առջեւ դրված»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am