«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերքում է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում հարկային մարմինների ստուգումների արդյունքում խախտումներ հայտնաբերելու մասին տեղեկությունները: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի պատկանող ընկերություններում վերջին շրջանում հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկությունը բացարձակ սուտ է: «Բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը իր հարկային պարտավորությունները կատարում է կատարելապես եւ որեւէ խախտման բացահայտման մասին խոսելն առավել քան զավեշտալի է: Ավելին, հատուկ մաթեմատիկական հաշվարկների հետ կապված խնդիրներ ունեցողների համար հստակեցնեմ, որ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության խոշոր հարկատուների տասնյակում «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող բոլոր ընկերությունների կողմից վճարված հարկերի հանրագումարով կոնցեռնը գտնվում է 9-րդ հորիզոնականում՝ 2 միլիարդ 318 միլիոն 796 հազար դրամ վճարած հարկերով: Այս տվյալները հրապարակային են, ցանկացած ոք կարող է ՊԵԿ-ից ստանալ այս տեղեկատվությունը եւ իրեն մի քիչ դժվարություն տալով ու թվերը համադրելով զերծ մնա ինչպես ստահոդ լուրեր տարածելուց, այնպես էլ լրատվամիջոցների հրապարակումների հանդեպ վստահությունը իսպառ ոչնչացնելու վտանգից »,- ասաց Իվետա Տոնոյանը:
Իսկ թե ինչ խախտումներ են հայտնաբերվել Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում, կամ հայտնաբերվել է որեւէ խախտում, թե ոչ, փորձեցինք ճշտել ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այնտեղից NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան, հայտնեցին հետեւյալը: «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը պարբերաբար, վարչարարական գործիքների շրջանակներում հսկողական միջոցառումներ է իրականացնում տնտեսվարող ամենատարբեր սուբյեկտների մոտ»:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի Աբովյան քաղաքի հարկային ծառայության պետը իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում լուրջ խախտումներ են հայտնաբերել:
Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ հրահանգված է, որ հարկային ծառայության աշխատակիցները ուշադրությամբ ստուգեն հայտնաբերված խախտումները, որպեսզի կարողանան ցցուն փաստեր հրապարակել: Ու այս ընթացքում արվել է ամեն ինչ, որպեսզի մեծ «թվերով» խախտումներ ներկայացվեն:



























