Գնահատական պարունակող նյութերը վերջին 9 օրերի ընթացքում ավելի հաճախ են եղել եթերում եւ իրենց ինտենսիվությամբ շատ ավելի հաճախ էին, քան խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, մամուլի ասուլիսում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով լրատվամիջոցներում 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:

«Եթե համեմատենք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ նշանային բնութագրիչներով նյութերը, դրանք մոտավորապես կազմում էին ընդհանուրի 3-4 տոկոսը, իսկ վերջին 9 օրերի ընթացքում՝ 8 տոկոս է: Բայց վերջին 9 օրը, եթե առանձին վերցնենք, «Երկիր Մեդիայում» 16.8 տոկոս է, իսկ «Կենտրոնում»՝ 16.4 տոկոս: Հիմնականում այդ բարձր տոկոսները ձեւավորվել են ՀՀԿ նկատմամբ գնահատականներով եւ հիմնականում բացասական»,- նշեց Բորիս Նավասարդյանը եւ ավելացրեց, որ աննախադեպ ինտեսիվ է քննադատությունն իշխող կուսակցության նկատմամբ:

«Դրական 28 եւ բացասական 153 նյութ է եղել: Այսինքն բալանսը ցնցող է հեռուստաընկերությունների լուսաբանման վերաբերյալ մեր մշտադիտարկումների պատմության մեջ եւ դա հիմնականում ձեւավորվել է «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների եթերում: Նշել էինք նաեւ, որ ՀՀԿ-ն չի երեւում «Կենտրոնի» եթերում եւ հիմնականում իրենց նախաձեռնությամբ, ինչը նաեւ դրանով է պայմանավորված: Այսինքն`եթե դու չես գալիս, չես խոսում, քո մասին են խոսում»,- ասաց Բոլրիս Նավասարդյանը՝ հավելելով, որ բացասական բալանս են ունեցել նաեւ ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ իրավապահներն ահազանգերի նկատմամբ ավելի հետեւողական էին, քան երբեւէ, ինչը պայմանավորված է նաեւ սոցիալական կայքերի առկայությամբ:

«Մենք չենք կարող ասել, որ այս ընտրություններն առաջընթաց են խորհրդարանականի եւ նախագահականի համեմատ, քանի որ ընդհանուր առմամբ, հավասարազոր են լուսաբանվել: Իսկ, եթե համեմատենք 2009թ-ի հետ, առաջընթաց կա»,- ավելացրեց Բորիս Նվասարդյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am