ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Շուշիի ազատագրման եւ Երկրապահի օրվա առթիվ:

ՈՒղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի մայրեր, քույրեր,

Երկրապահներ

Երկրապահի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եռատոնի եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ` Երկրապահ Կամավորականների միության անունից շնորհավորում եմ Արցախի հերոսական ժողովրդին, հայոց երկրապահ բանակին, սահմանում կանգնած հայ զինվորին, բոլոր երկրապահ ազատամարտիկներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին, երիտասարդ ու պատանի երկրապահներին, աշխարհասփյուռ հայությանը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ հերոս զավակներ ծնած մեր հերոս մայրերին: Մենք` երկրապահներս, խոնարհվել եւ խոնարհվում ենք ձեր հերոսական կերպարի առաջ:

Սիրելի երկրապահներ, այսօր մեր տոնն է: Տոն ունենալու իրավունքը մենք վաստակել ենք միասին, մեր Սպարապետի, մեր մարտական ընկերների կյանքի, առողջության, մեր հերոսական ժողովրդի զրկանքների, խիզախության ու հաղթանակների շնորհիվ:

Ես միշտ ասել եմ` կարեւորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ ձեռք բերածը պահպանելն ու սերունդներին փոխանցելն է:

Թեւակոխելով մեր անկախության երրորդ տասնամյակը, մենք պետք է արձանագրենք, որ, թեեւ բազմաթիվ դժվարություններին, ամրապնդվում է մեր պետությունը, հզորանում են Հայաստանն ու Արցախը, ավելի ու ավելի է ամրապնդվում աշխարհասփյուռ հայության կապը մայր հայրենիքի հետ:

Որպես երկրապահներ` հպարտորեն պետք է նշենք, որ այսօր մեր շարքերում արդեն ունենք երիտասարդ եւ պատանի երկրապահի կայացած կառույցների սաներ, որոնք շարունակելու են մեր գործը, ընդօրինակելով Սարդարապատի, Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան գոյամարտի հերոսներին:

Մեր հայրենիքը, մեր պետությունը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, ուր միշտ առկա են մարտահրավերներ, սպառնալիքներ մեր ազգային անվտանգությանը: Հայտնի բան է. Մեր ժողովուրդը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները, երբ միասնական է եղել:

ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Միասնականությունը սարեր շուռ կտա»:

Այսօր էլ այդ միասնականությունն է մեզ անհրաժեշտ, որպեսզի հզորացնենք եւ պաշտպանենք մեր հայրենիքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ հայությանը` Երկրապահի օրվա եւ մայիսյան բոլոր տոների առթիվ, մաղթում տոկունություն, կամք, հավատ մեր ուժերի նկատմամբ, հավատ նոր սերնդի նկատմամբ եւ վճռականություն` մեր մարտական ընկերների երազած երկիրը կառուցելու գործում:

Փառք Սպարապետին

Փառք նահատակված հերոսներին

Փառք մեր երկրապահ ժողովրդին»: