Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ներկայացված իր հայցադիմումից:

Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշել է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ աշխատանքային գործունեությունը չափազանց շատ ջանք ու ժամանակ է պահանջում, իսկ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ես գերադասում եմ դրանք ծախսել երկրումս առկա խնդիրների լուծմանն ու քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված գործերի վրա՝ հարկադրված եմ հրաժարվել իմ հայցապահանջից:

Ինչ վերաբերում է ինտերնետային խուլիգաններին, ապա նրանք էլ ժողովրդիս մի մասնիկն են, նրանց կյանքի բարելավմամբ եւս մտահոգ եմ:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ժամանակ տրամադրելու եւ բարձր մակարդակի մասնագիտական հմտություններ դրսեւորելու համար»:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը Էդգար Բարսեղյանին դատի էր տվել իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար: Պատգամավորը բլոգերից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում բռնագանձել 1 միլիոն դրամ, եւ 500.000 դրամ իր կողմից վարձած փաստաբանի վճարը, եւ  30.000 դրամ  պետական տուրք: Պատգամավորը նաեւ խնդրվում է քննել Demotivator.am եւ Blognews.am կայքերից եւ սոց. ցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը եւ պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը:

Հիշեցնենք, որ այդ կայքերում բլոգերն Ուրիխանյանի ներկայացրել էր կիսամերկ կնոջ մարմնով: