«Բարեւ, Երեւան» դաշինքն առայժմ չի քննարկել Երեւանի ավագանու մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, քանի որ այս փուլում մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկ է ընթանում, եւ իրավիճակը կարող է փոխվել: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:
«Ես՝ Արմեն Մարտիրոսյանս, որպես քաղաքական գործիչ, կողմ եմ, որ «Բարեւ, Երեւան» դաշինքը վերցնի մանդատները, թեեւ մենք Երեւանի ավագանու սակավաթիվ մանդատներ ունենք: «Ժառանգություն» կուսակցության անդամները խորհրդարանում ապացուցեցին, որ սակավաթիվ լինելը խոչընդոտ չէ, եթե մարդիկ ցանկանում են աշխատել», - նշեց Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում «Առաքելություն» կուսակցության առաջարկը, որով «Բարեւ, Երեւան»-ին եւ ԲՀԿ-ին կոչ էր արվում հրաժարվել մանդատներից եւ մնացած ընդդիմադիր ուժերի հետ միասնական ճակատ կազմել, Մարտիրոսյանը պատասխանել է, որ Երեւանի ավագանու կազմում «Բարեւ, Երեւան»-ի ընդգրկվելը ոչ մի կերպ չի խոչընդոտի ընդդիմության միավորմանը:
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու խորհրդում ԲՀԿ-ի հետ ուժերի համատեղմանը, Մարտիրոսյանը նշեց, որ նախ ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի՝ քաղաքական դաշտի որ կողմում է: Նրանք պետք է որոշեն՝ ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն: Չեմ բացառում նրանց հետ համագործակցությունը»:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























