Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր՝ մայիսի 7-ին, մասնակցել է «Բարձրագույն կրթության բարեփոխումներ» թեմայով միջազգային համաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ Ա. Աշոտյանը բացման խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ընթացող բարեփոխումներին ու առկա խնդիրներին:
«Ակնհայտ է, որ այսօր կրթական համակարգն աշխարհում, մասնավորապես Եվրոպայում, բուռն զարգացում է ապրում եւ Հայաստանը չի կարող անմասն մնալ այդ գործընթացից: Բարձրագույն կրթության զարգացման այժմյան միտումները մի կողմից ապահովում են նոր հնարավորություններ, մյուս կողմից առաջադրում նոր մարտահրավերներ: Բուհերը կրթական համակարգի ամենամիջազգայնացված հաստատություններն են եւ նրանք ամենաակտիվն են զգում արտաքին գործոնների ազդեցությունը: Ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում մենք բուհական համակարգ-աշխատաշուկա արդյունավետ համագործակցության խնդիր ունենք: Ունենք դեռեւս խնդիրներ՝ կապված բուհերի ինքնավարության, ակադեմիական ազատությունների ու ինստիտուցիոնալ ինքնավարության հետ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:
Ա. Աշոտյանի խոսքով՝ նախկին իներցիայով Հայաստանում «պետական բուհ» հասկացողությունը շարունակում է պահպանել առօրեկան նշանակությունն ու որոշակի կարգավիճակը իրավական ասպարեզում: «Սակայն հետեւելով հատկապես եվրոպական կրթական համակարգի զարգացումներին՝ մենք պատրաստ ենք եւ արդեն որոշակի քայեր այդ ուղղությամբ կատարել ենք՝ ընդլայնելու բուհերրի ինքնավարության աստիճանը, այդ թվում կիրառել կազմակերպաիրավական ձեւերի բազմազանություն՝ վերածելով պետական բուհերը հանրային կամ ազգային ուսումնական հաստատությունների»,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը:
Նրա գնահատմամբ՝ 2005 թվականից Հայաստանի՝ Բոլոնիայի գործընթացի անդամակցումից առ այսօր մեր երկրի բուհական համակարգը միջազգային ճանաչման առումով ակնհայտ առաջընթաց է ունեցել եւ այսօր Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների համար համարվում է արժանահավատ եւ վստահելի գործընկեր: Որպես ասվածի հիմնավորում՝ Ա. Աշոտյանը նշել է 2012 թվականին ՀՀ-ի կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձնումը:
«Սա մեզ համար պատիվ է, որը մեր երկիրը վաստակել է հետեւողական բարեփոխումների արդյունքում: Կրթական բարեփոխումները իրականացվել եւ իրականացվում են մեծ դժվարություններով: Մեր հասարակությունը շատ զգայուն է կրթական ոլորտում ընթացող ցանկացած գործընթացի հանդեպ, եւ չկա գեթ մեկ հարց կամ խնդիր, որի վերաբերյալ մասնագիտական հանրույթը 100 տոկոսով միատեսակ մոտեցում ունենա: Ինքս կողմնակից եմ, բարձրագույն կրթության ոլորտում մոտակա 2 տարիներին գնալ ավելի արմատական քայլերի: Նման վճռականության համար կրթության եւ գիտության նախարարությունն ու բուհերը ունեն բավարար ներուժ եւ անհրաժեշտ քաղաքական կամք: Բարձրագույն կրթության համակարգի կառավարման առողջացման ծրագիրը բեկումնային եւ կտրուկ քայլերի անհրաժեշտություն ունի»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաեւ Համաշխարհային բանկի կրթական թիմի / ղեկավար Սաչիսկո Կատաոկա/ կողմից պատրաստված "Կառավարման խնդիրների լուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում" զեկույցը:
«Բարձրագույն կրթության բարեփոխումներ» թեմայով միջազգային համաժողովին մասնակցել են կրթության ոլորտի միջազգային ու տեղական փորձագետներ, քննարկվել են Բոլոնիայի գործընթացին, Հայաստանում եւ Բոլոնիայի գործընթացին անդամակցող երկրներում բուհերի ակադեմիական ազատություններին եւ կառավարմանն առնչվող մի շարք խնդիրներ:




























