Երեւանում քաղաքում կանաչ տարածքների ծավալը դեռ բավարար չէ, այն պետք է ավելացնենք ու եռապատկենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Առաջարկություններ պետք է ներկայացնել նաեւ վարչական բոլոր շրջաններում անտառային գոտիների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով մենք կտրամադրենք լրացուցիչ ֆինանսավորում: Վստահ եմ, որ մի քանի տարիների ընթացքում մեր ծրագիրը հաջողությամբ կավարտենք եւ կվերականգնենք ու կգերազանցենք մայրաքաղաքի կանաչ զանգվածի երբեմնի ծավալները», նշել է նա ու ընդգծել, որ կանաչ բոլոր գոտիները նախեւառաջ պետք է ապահովված լինեն ոռոգման ցանցով:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքում իրականացվող կանաչապատման աշխատանքներով միաժամանակ 14 ծրագիր է իրականացվում, որոնց շրջանակում մեկնարկել են սիզամարգային տարածքների ստեղծման եւ ձեւավորման աշխատանքները, վարչական շրջաններ է տեղափոխվել եւ տնկվել 250 հազար ծաղիկ:




























