Երեւանում հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արգելված վայրերում ավտոմեքենաների կայանման 23 եւ ծխելու 12 դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Տրանսպորտի վարչության պետը:
Նրա խոսքով՝ շարունակվում է հսկողությունը նաեւ առավոտյան եւ երեկոյան ժամերին ներքաղաքային միկրոավտոբուսների եւ ավտոբուսների երթուղիների սահմանված ժամանակացույցով սպասարկման ուղղությամբ:
2013 թվականի ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու եւ Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների հետ կապված «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրենը զեկուցվել է, որ Լենինգրադյան փողոցի հանգույցում ավարտվում են թունելային հատվածի ծածկի կառուցման, Իսակովի պողոտայում էլ՝ թռիչքային ուղեանցի բետոնացման աշխատանքները: Ուլնեցի-Ռուբինյանց ավտոճանապարհի վերաբերյալ զեկուցվել է, որ շինաշխատանքները լայն թափով շարունակվում են ճանապարհի 2-րդ փուլով նախատեսված հատվածում:
Նոր կառուցվող ավտոճանապարհների արտաքին լուսավորության ապահովման հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է կիրառելով նոր մոտեցումներ` լուսավորությունն իրականացնել լուսադիոդային սարքերի միջոցով:
Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ այս տարվա ծրագրով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման աշխատանքների շրջանակում արդեն իսկ ավարտվել է 560 հազար քմ տարածքի ասֆալտապատումը: Զուգահեռաբար իրականացվում են նաեւ մայթերի ու եզրաքարերի նորոգման եւ կանաչապատման աշխատանքներ:
«Մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքները պետք է իրականացնենք ժամանակացույցի համաձայն եւ նույնիսկ կարողանանք նախատեսված ժամկետից շուտ ավարտել` ապահովելով ասֆալտբետոնե ծածկի բարձր որակ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























