Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրես կուսակցության հավաքած տոկոսները պայմանավորված են մի շարք հանգամանքներով։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ դա մի կողմից պայմանավորված է նախագահական ընտրություններին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելով, մյուս կողմից՝ արտագաղթով, քանի որ երկիրը լքում է բողոքավոր զանգվածը, իրենց համակիրները եւ երրորդ, ամենակարեւոր գործոնը՝ փողի գործոնն է, քանի որ դրա պատճառով բոլոր չկողմնորոշվածները, որոնք պետք է կողմնորոշվեին  եւ քվեարկեին ՀԱԿ-ի օգտին, գործեցին վախի եւ փողի ազդեցության մթնոլորտում։

«Ընտրություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն, հետեւաբար ինչ արդյունքների մասին է խոսքը: Կա փող, փողն էլ բերում է իշխանություն: Իրականում փողի ընտրություն էր, ով ինչքան շատ է փող տալիս, այնքան շատ ձայն է ստանում: Իշխանությունն ամեն անգամ վերարտադրվում: Անգամ ընտրակաշառքը խնդիրը չէ, այլ քիչ թվով գիտակից քաղաքացիների առկայությունը: Քաղաքացին կկարողանար ընտրություն անել, եթե լավ ապրեր: Ինչպե՞ս կարող է այս իշխանությանն այդքան մեծ թվեր տալ, եթե ատելությամբ է լցվել այս իշխանությունների նկատմամբ»,- ասաց նա:

ՀԱԿ պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը ձայների կորուստ է ունեցել  նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցություն չունենալով, ինչի արդյունքում հասարակությունը կողմնորոշվեց հիմնական ընդդիմադիր  թեկնածուի  ուղղությամբ, բայց երբ տեսնում ենք «Բարեւ Երեւանի» արդյունքները, կարող ենք ասել, որ նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել է բողոքավոր հասարակության ձայները, որոնք իշխանությանը ձայն չէին տվել։ Լյուդմիլա Սարգսյանը տարակուսանք է հայտնում, թե ինչպես ՀՀԿ-ն նախագահական ընտրություններին չկարողացավ Երեւանում այդքան ձայն ստանալ, որքան՝ այժմ։

«Կանխատեսելի էր այս ամեն ինչը, ժողովուրդն ընտրելու կամ ազատ կամարտահայտության հնարավորություն չունեցավ»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե ՀԱԿ-ի մեղավորությունը չկա՞ այսպիսի արդյունքներ ունենալու մեջ, Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ պատրաստ չէ մեղադրանք ներկայացնել ՀԱԿ-ին, դեռ չգիտենք, թե մեկ ամիս հետո ինչ կլինի, պրոցեսը շարունակվում է։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am