Երեւանում, այսօր՝ մայիսի 7-ին, մեկնարկել է ՀՀ արդարադատության նախաձեռնությամբ եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի շուրջ երկօրյա քննարկման աշխատանքները:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացմանը եւ քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանն ուղղված քայլերի շարքում կարեւորագույններից է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի բարեփոխումը, որը կարգավորելու է մասնավոր իրավահարաբերությունները ժամանակակից մոտեցումներին համապատասխան:
Ինչպես իր բացման խոսքում նշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը Հայաստանի գործող քաղաքացիական օրենսգիրքը, որն ընդունվել է 1998թ. ԱՊՀ մոդելային օրենսգրքի հիման վրա, անկասկած, կարեւոր քայլ էր նորանկախ պետության կողմից շուկայական տնտեսական հարաբերությունների անցման, մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ճանապարհին: «Սակայն օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական եւ իրավական կյանքում տեղի ունեցան էական փոփոխություններ»,- փաստել է նախարարի պաշտոնակատարն ընդգծելով, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների զարգացումն էլ հանգեցրել է օրենսգիրքը փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությանը:
«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարեւորագույն իրավական ակտերից է, որի հետ կապված ցանկացած բարեփոխում չափազանց մեծ շրջահայացություն է պահանջում: Այստեղ սխալները անթույլատրելի են եւ ճակատագրական: Դրանով է մեծապես պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում նախատեսված գործողության իրականացումը մենք սկսում ենք այս կլոր սեղան քննարկումից՝ ակնկալելով քաղաքացիական իրավունքի ոլորտում իրավաբան-տեսաբանների եւ պրակտիկ մասնագետների փորձառության միջոցով բացահայտել այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանան բարեփոխումները»,-ասել է Հրայր Թովմասյանը:
Քննարկման մասնակիցների առջեւ դրված կարեւոր խնդիրներից մեկն էլ օրենսգրքի բարեփոխման հիմնական ուղղությունները բացահայտելն ու դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել է: «Բարեփոխումն ինքնանպատակ չէ, քանի որ գործ ունենք մի փաստաթղթի հետ, որը տարիների փորձարկում է անցել, ուստի արմատական փոփոխություններ կատարելուց առաջ անհրաժեշտ է խորապես կշռադատել դրանց նպատակահարմարությունը, իրավակիրառ խնդիրները, ինչպես նաեւ փոփոխությունների արդյունքում բազմաթիվ այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտությունը եւ այլն»,-ասել է Հրայր Թովմասյանը:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների տեսաբան-գիտնականներ, փորձագետներ Գերմանիայից, Վրաստանից, միջազգային կազմակերպությունների, փաստաբանական պալատի, ինչպես նաեւ պետական մարմինների ներկայացուցիչներ:




























