Այս ընտրություններին քաղաքական ուժերը համոզվեցին, որ միայնակ ռեժիմի դեմ պայքարելը իզուր է, ոչինչ չի մնում, քան լրջագույնս վերլուծել իրավիճակը եւ համախմբման գործընթաց սկսել, հակառակ դեպքում երկիրը դատարկվում է ։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը փորձեց համախմբվել եւ համատեղ վերահսկել ավագանու ընտրությունները, բայց մեծ գումարների, ընտրակաշառքի դեմ շատ դժվար է պայքարել, երբ ինքդ այդ մեթոդներով չես աշխատում։ Լյուդմիլա Սարգսյանը ձեռնպահ մնաց ասել, թե ԲՀԿ-ն եւս փող է բաժանել ընտրություններին, նա նշեց, որ այդ մասին տեղեկություն չունի, բայց վստահ է, որ ՀՀԿ-ն բաժանել է, քանի որ դա իրենց գործելաոճն է։ Դիտարկմանը, թե կոմպլեքսավորվում եք ԲՀԿ-ին որեւէ բան ասելուց, նա նշել է, որ ամենեւին, ինքը պարզապես նման տեղեկություն չունի, որ ԲՀԿ-ն փող է բաժանել։
ՀԱԿ պատգամավորը ԲՀԿ-ին դիտարկում է որպես այլընտրանք,՝ շեշտելով, որ եթե վերջինս ցանկանում է դառնալ ընդդիմադիր, իրենք միայն ողջունում են։ Նա նշեց, որ պատճառ չունի մտածելու, թե ԲՀԿ-ն ձգտում է դեպի իշխանություն, «ընդդիմադիր կեցվածքը միգուցե ավելի արտահայտված լինի առաջիկայում, կտեսնենք ավագանու կամզում ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում կունենա»։
Անդրադառնալով «Բարեւ Երեւանի» եւ ԲՀԿ-ի կողմից ավագանու մանդատները վերցնելուն՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է ասի, թե որն է ճիշտ եւ որը՝ սխալ, ամեն քաղաքական ուժ ունի իր առաջնահերթությունները եւ քաղաքական նպատակնները։ Նրա կարծիքով՝ իրենք 2009թ ճիշտ վարվեցին, որ չվերցրին մանդատները, այժմ իրենց անելիքը պետք է որոշեն ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւանը»։
Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, ապա պատգամավորը նշեց, որ դեռ առիթ չեն ունեցել հանդիպելու ընտրություններից հետո եւ քննարկելու անելիքները։ «Քաղաքական դաշտը դեռ պետք է վերադասավորվի, նորից վերագնահատեն ստեղծված իրավիճակը, փորձեն համախմբվել։ Չեմ բացառում, որ նույնիսկ սոցիալիստները կարող են լիբերալների հետ համախմբվել, որովհետեւ վիճակը այսպիսին է, պետք է երկրում հաստատել սահմանադրական կարգը եւ կասցենել արտագաղթը»,- ասաց նա։
Նա նշեց, որ դատելով ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հայտարարություններից, նրանք չեն պատրաստվում դուրս գալ փողոց, բայց եթե ՀԱԿ-ը որոշի դուրս գալ փողոց, ՍԴՀԿ-ն կկանգնի նրա կողքին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























