Ժամանակի ընթացքում Հարավային Կովկասը դառնալու է միասնական տարածաշրջան, որին հեռանկարում կարող է անդամակցել նաեւ Հայաստանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` ելույթ ունենալով Բաքվում ընթացող Հարավկովկասյան համաժողովում:

«Ես հուսով եմ, որ Հարավային Կովկասը երկարաժամկետ հեռանկարում կդառնա միասնական տարածաշրջան: Քանի որ Հայաստանին կապեր են պետք հարեւանների հետ, եւ նա չի կարող մեկուսացված երկիր մնալ: Վստահ եմ, որ մենք կարող ենք ինտեգրել Հայաստանին կայունության այդ ընդհանուր գոտուն: Բայց դա պետք է լինի քաղաքական ազատականացման մաս, այլ ոչ երկաթգծի բացման եւ մեզ համար ռազմավարական Կարս-Ախալքալաք նախագծին միանալու շնորհիվ»,- ասել է նա, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: