Այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանում 2014թ.  անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը:

Կառավարության որոշման համաձայն` հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ) նախատեսվում է անցկացնել 2014 թ. հոկտեմբերի 11-31-ը: Մինչ այդ, 2013 թ. հոկտեմբերի 11-31-ը փորձնական հաշվառում կանցկացվի Արարատի մարզի Շահումյան, Ազատավան եւ Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի եւ Տավուշի մարզի Բերդ, Գանձաքար եւ Այգեհովիտ համայնքներում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան  Մնացականյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք ԳԳՀ-ի նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղնշանակության շենք-շինությունների, առկա ներուժի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն է:  Ակնկալվում է, որ ԳՀՀ-ն  հնարավորություն կընձեռի բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը, ձեւավորել տվյալների  ամբողջական համակարգ, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների վիճակագրական ռեգիստրներ,  բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները:

ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն` անդամ երկրները պարտավոր են առնվազն տասը տարին մեկ անգամ ԳՀՀ  անցկացնել:

Ստեփան  Մնացականյանը տեղեկացրել է նաեւ, որ ԳՀՀ  նախապատրաստման, անցկացման եւ նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը 2013-2016թթ. համար կկազմի 1,8 մլրդ  դրամ:

Հանձնաժողովը որոշել է հավանության արժանացնել ծախսերի նախահաշիվը` համաձայնելով, որ այն կարող է ըստ համապատասխան տարիների պետական բյուջեների մասին ՀՀ օրենքների ենթարկվել փոփոխության:

Ա. Գեւորգյանն առաջարկել է ինտենսիվ աշխատել միջազգային դոնոր հանրության հետ` ԳՀՀ անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության ստացման ուղղությամբ: Նա նաեւ կարեւորեց հանրային իրազեկման համապատասխան աշխատանքների իրականացումը` բնակչության շրջանում գործընթացի վերաբերյալ ճիշտ պատկերացում ձեւավորելու համար: Ա. Գեւորգյանը հանձնաժողովի անդամներին առաջարկել է մեկամսյա ժամկետում ԳԳՀ  ծրագրի նախագծի վերաբերյալ ԱՎԾ ներկայացնել  իրենց առաջարկություններն ու դիտողությունները: