Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ, այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ երախտավորների:
Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ պատերազմի տարիներին մեր հերոս պապերն ու հայրերն իրենց արիությամբ ու սխրանքով կերտեցին հայրենիքի խիզախ պաշտպանի կերպարը, որը միշտ ուղեկցում էր մեզ, եւ որով դաստիարակվել ու դեռ կդաստիարակվեն շատ ու շատ սերունդներ: Նա Պաշտպանության բանակի ստեղծումն ու Շուշիի ազատագրումը բնութագրել է որպես մեր հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարը, որը շրջեց պատմության անիվը` ի օգուտ մեր ժողովրդի:
Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների անդամներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից ժամանած հյուրեր:





























