Հայաստանի մարզերում անասնաբույժները պատրաստվում են զանգվածաբար հայտարարել աշխատանքից դուրս գալու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց շարժման նախագահ Սարգիս Սեդրակյանը` ՀՀ կառավարության կողմից պատրաստված 2012-2015թթ. Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի քննարկման ժամանակ: Նրա խոսքով` նրանց այդ քայլին ստիպում է գնալ անիրական ցածր աշխատավարձը: «Այդ գումարով բարեխիղճ աշխատել հնարավոր չէ: Մնում է երկու ճանապարհ` կամ ստուգումները ձեւական իրականացնել կամ ֆերմերներից լրացուցիչ գումար գանձել` նրանց անասուններին նորմալ զննելու համար»,- պարզաբանեց Ս. Սեդրակյանը: Հենց այդ պատճառով, ըստ նրա, գործնականում իրական չեն գյուղերի անասնուբուժական լիարժեք սպասարկման մասին հայտարարությունները:
Հիշեցնենք, որ նախկինում հանրապետությունում աշխատող 850 անասնաբույժները միեւնույն աշխատավարձ էին ստանում: 2012 թ. ընդունված կառավարության որոշմամբ նրանց աշխատավարձը գործարքային է դարձել` ըստ անասունների գլխաքանակի. պայմանական յուրաքանչյուր գլուխ անասունի պատվաստման համար 102.8 դրամ է վճարվում: Այս իրավիճակը նաեւ գյուղական երիտասարադության մոտ վերացնում է անասնաբուժ դառնալու ցանկությունը: «Տեսեք ինչպիսի մրցույթ է համապատասխան ֆակուլտետում, եւ ամեն ինչ պարզ կլինի»,-ավելացրեց Ս. Սեդրակյանը:
Հայաստանի յուրաքանչյուր համայնքի միջինը բաժին է ընկնում 758 խոշոր եղջերավոր անասուն: Թե ինչպես մեկ մարդը պետք է կարողանա նման քանակության հետ աշխատել, հատկապես «առատ կաթի սեզոնին», չլուծված հանելուկ է մնում: Ընդ որում անասնաբույժի եզրակացությունն անհրաժեշտ է անասունի ` որպես ապրանքի, արտաքին աշխարհի հետ ցանկացած շփման դեպքում` մսամթերքի վաճառքի, կաթի հանձնման համար:




























