Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները բացառել պետք չէ, քանի որ քաղաքական ուժեր են, կուսակցության ղեկավարներ եւ միշտ էլ կհանդիպեն, բայց երեկ չեն հանդիպել: Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով NEWS.am-ի այն դիտարկմանը, թե երեկ խոսվում էր Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպման մասին, իսկ ինքն էլ անձամբ էր նշել, որ բոլոր լավ բաները ինքն է կազմակերպում:

Նրա խոսքով, ինքն այդ հանդիպումների մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: «Հիմա էլ եմ ուզում ասել, որ ես միշտ նպաստել եմ, որպեսզի հանդիպումներն ունենան լավ արդյունք, որոնցից կածանցվեն լավ արդյունքներ, լավ որոշումներ»,-ասաց նա, հավելելով, որ առաջիկայում սպասվում են նման հանդիպումներ, սակայն դեռ հանդիպման որոշում չկա:

NEWS.am-ի հիշեցմանը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր վերջին հարցազրույցներում մեկում դիմելով ԱԺ պատգամավորներին հարցրել էր. «Հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական», Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ես ԱԺ-ում ոչ մի գողական պատգամավոր չեմ տեսնում, բոլորը խորհրդարանական են: Եթե որեւէ մեկն ինչ-որ մեկին գողական է համարում, թող ասի իմանանք: Ես կոնկրետ չգիտեմ: Դեռ չի էլ ասել չէ՞, թե ում մասին է խոսքը»: