Հայաստանի ոստիկանությունը հարուցել է 7-րդ եւ 8-րդ քրեական գործերը` մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում տեղ գտած օրինախախտումների փաստով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մայիսի 5-ին, ժամը 21:25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «iditord.am» կայքում տեղեկություն է տեղադրվել, որ թիվ 5/10 տեղամասում Նապոլեոն եւ Հայկ Մ.-երը պարզել են, որ իրենց ստորագրության փոխարեն առկա են այլ անձանց ստորագրություն:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով:
Մայիսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում Սմբատ Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 5/08 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս նկատել է, որ իր տվյալների դիմաց գրանցամատյանում այլ քաղաքացի է ստորագրել:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:




























