Քաղաքական ուժերն ավելի նշանակալի դեր կարող են խաղալ քաղաքային տնտեսությունում, քան՝ անձերը: Այդ մասին այսօր՝ մայիսի 8-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Երեւանի ավագանու ընտրությունները:

«Որքան էլ շնորհալի մարդ հավակնի քաղաքապետի պաշտոնին, նա պետք է ունենա թիմ, որն ի զորու կլինի ամենօրյա աշխատանք տանել մայրաքաղաքի տնտեսության խնդիրների ուսումնասիրման ուղղությամբ: Վստահ եմ, որ Հանրապետական կուսակցությունն այն ուժն է, որը կարող է դա անել ոչ թե մեկ անգամ, այլ ամեն օր:

Տարոն Մարգարյանը տաղանդավոր ղեկավար է, բայց նրանից բացի ՀՀԿ-ն համախմբել է փորձառու եւ աշխատող, քաղաքի մասին մտածող մարդկանց», – ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել է Հանրապետական կուսակցությունը: Ստանալով ընտրողների ձայների կեսից ավելին՝ այն քաղաքապետ ընտրելու հնարավորություն է ստացել: Քաղաքապետի պաշտոնում կվերընտրվի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am