Հայաստանի եւ ԱՄԷ Վերահսկիչ պալատների միջեւ ստորագրվել է  համագործակցության համաձայնագիր: Այն  նախատեսում է  փորձի փոխանակում, օրենսդրակն դաշտի բարելավում   պետական վերահսկողության մեթոդաբանության եւ ընթացակարգերի մշակման, համատեղ եւ զուգահեռ վերահսկողության ոլորտներում եւ այլն:

Հայաստանի Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի նշել է, որ համաձայնագիրը երկու երկրների միջեւ ստորագրված առաջին լուրջ փաստաթուղթն է եւ  համագործակցության խորացման նոր խթան կհանդիսանա  Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ:  «Մենք ակտիվորեն համագործակցում ենք մեր  գործընկերների հետ, ինչի արդյունքում Հայաստանի Վերահսկիչ պալատը գործակցության համաձայնագրեր է կնքել բազմաթիվ գործընկեր կառույցների հետ: Ակտիվորեն համագործակցում ենք Հոլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՊՀ երկրների Վերահսկիչ պալատների հետ: Այսօր այդ ցանկին միացավ նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչը շատ կարեւոր է՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին զարգանում են տնտեսական եւ առեւտրային կապերը մեր երկրների միջեւ»,- ասել է ՀՀ ՎՊ նախագահը:

Ի. Զաքարյանը նշել է  նաեւ, որ այս տարի Հայաստանի Վերահսկիչ պալատը իրականացնում է օպերատիվ վերահսկողություն` շեշտը դնելով  հատկապես  պետական գնումների  եւ շինարարության ոլորտների վրա: ԱՄԷ Վերահսկիչ պալատը բավական մեծ փորձ ունի այս ոլորտում եւ նրանց հետ համագործակցությունը այդ առումով կարեւոր:

ԱՄԷ ՎՊ նախագահ Հարիբ ալ Ամիմին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ  նշել է, որ երկու երկրների միջեւ համագործակցության լուրջ ուղիներ է տեսնում:  «Մենք համոզված ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, բյուջետային ծախսերի եւ կոռուպցիայի նկատմամբ վերահսկողության մեր փորձը մեծապես կօգնի Հայաստանին»,-ասել է  Ամիմին, ավելացնելով, որ ամեն ինչ անելու են երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը խթանելու համար: