Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում Երեւանի փակ շուկայի շինարարական աշխատանքների վերսկսման կապակցությամբ:

Պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում է, թե անընդունելի է, որ արդեն մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, եւ ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը:

«Դեռեւս տարվա սկզբին, մտահոգված լինելով այս հարցով, Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսեց փակ շուկային վերաբերող խնդրի ուսումնասիրությունը:  Գրություններ ուղարկվեցին Երեւանի քաղաքապետարան, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն եւ ՀՀ գլխավոր դատախազություն` շինարարական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Ինչպես Երեւանի քաղաքապետարանից, այնպես էլ նախարարություններից ստացված պատասխան գրություններում նշվում էր, որ կատարվող վերգետնյա շինարարական աշխատանքներն ապօրինի են: Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին նաեւ, որ «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊ ընկերության տնօրենը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության, իսկ շինարարական աշխատանքները դադարեցվել են:

Սակայն, մայիսի 7-ին Պարոնյան 4ա հասցեի բնակիչներից կրկին ահազանգ եղավ, որ փակ շուկայում շինարարությունը ավելի ակտիվանում է, կառուցվում է վերնահարկը:

Կոչ ենք անում պատկան մարմիններին ստուգել բնակիչների ահազանգը, ինչպես նաեւ ձեռնարկել համապատասխան միջոցներ այս ապօրինությունը վերացնելու եւ մշակութային արժեքը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: