Հայ ազգային կոնգրեսը դիմել է 27 տեղամասերում վերահաշվարկ անելու, իսկ 7 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ շատ լավ գիտեն, որ վերահաշվարկը ոչ մի բան չի փոխելու, դա արվում է բացառապես այլ նպատակով։
Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ վերահաշվարկի արդյունքում կհայտնաբերեն ապօրինի վերահսկման ապացույցները, այսինքն՝ կորսված, չհաշվարկված քվեաթերթիկներ, գունավոր գրիչներով քվեարկված քվեաթերթիկներ, տարբեր ծալվածքներով ծալված քվեաթերթիկներ, «փնտրում ենք ապօրինի վերահսկողության հետքերը»։
Վերահաշվարկ անելու երկրորդ նպատակն այն է, որ դրա ժամանակ հնարավորություն են ստանում քաղվածք վերցնել մասնակիցների քվերակությունը արձանագրած մատյանից, սա միակ հնարավորությունն է ստանալ տեղեկություն, թե ում անվան դիմաց կա ստորագրություն, այս կերպ ստուգոմ են, թե ովքեր են քվեարկել, ինչը շատ ծախսատար եւ մարդկանց ջանքերի հետ կապված ծանր աշխատանք է, այստեղ արձանագրել են հաջողություններ։ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ արդեն հաջողվել է գտնել 15 մարդու, որոնք քվեարկել են Ավանի մի տեղամասում, բայց նշված են մի այլ հասցեում, որը գոյություն չունի, այդ մարդիկ նախորդ ընտրություններում ցուցակում չեն եղել։
«Ընտրակեղծիքների բացահայտման միակ ձեւն է վերահաշվարկը, բավարար չափով ապացույցներ ենք հավաքել, որեպսզի դիմենք Վարչական դատարան այս ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը պատրաստվում է։ Երբ այս ամբողջ աշխատանքն ավարտվի, կդիմենք Վարչական դատարան»,- ասաց նա՝ հավելելով, որ, որեւէ պատրանք չունեն եւ չեն կարծում, թե այս «հանցագործ իշխանությունների խամաճիկ դատարանը» կընդունի որեւէ որոշում, որը բխում է ժողովրդի շահերից։




























