Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է, թե ինչ է կառուցվում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոս» ռեստորանի բլրին հարակից տարածքում։
NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի հ.141/4 եւ հ.145 հասցեներում առեւտրի կենտրոնի կառուցման համար առկա է Երեւանի քաղաքապետարանի հետ 09.04.2013թ. համաձայնեցված հ.01/18-05/1-Մ-2479-264 ճարտարապետաշինարարական նախագիծը եւ կառուցապատող Շողերինա Մկրտչյանին 09.04.2013թ. տրված հ.01/18-Մ-2481-295 շինարարության թույլտվությունը։ «Միաժամանակ նշված նախագիծն անցել է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա տրվել է մասնագիտական դրական եզրակացություն։ Համաձայն հիշյալ նախագծի՝ նախատեսվում է կառուցել նկուղային ու վերգետնյա հարկերով հասարակական նշանակության շինություն»,- նշված է հարցման պատասխանում։
Նշենք, որ հիշյալ օբյեկտի շինարարությունը շարունակվում է արդեն տեւական ժամանակ։ Օբյեկտը կպած է բլրին, որի վրա նախկին «Փարոս» ռեստորանն էր տեղակայված։ Թեեւ բազմաթիվ խոստումներին, բլուրն այդպես էլ չվերակառուցվեց եւ օգտագործվում էր ոչ թե որպես քաղաքային այգի, այլ քրեական տարրերի հանդիպման վայր (գիշերային ժամերին) եւ որպես անասունների արոտավայր (ցերեկային ժամերին)։ Այժմ կառուցապատողները մեկուսացրել են բլրի գագաթ տանող հիմնական ճանապարհը՝ հավանաբար հույս ունենալով, որ հետագայում ամբողջությամբ կմասնավորեցնեն ամբողջ տարածքը՝ զբոսայգով հանդերձ։




























