Այս ընտրություններին ժողովուրդը ջախջախիչ պարտություն է կրել , կրիմինալի, գողական աշխահի, հանցագործերի, պետական պաշտոնյաների այսպիսի օգտագործումը հանուն իշխանությունը պահպանելու, բումերանգի էֆեկտ է ունենալու այս իշխանությունների համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ այս կեղծիքների հետեւանքով ստացել են մի երկիր, որը իշխանությունը չի կարող կառավարել, եւ որեւէ խնդիր լուծել, իսկ այդ ապօրինությունների պատճառով բնակչությունը լքելու է երկիրը, իշխանություն չունի դաշնակից՝ ի դեմս ժողովրդի։
Պատգամավորը Կոնգրեսի ապագա գործունեությունը տեսնում է իշխանությունների չարաշահումները բացահայտելու, ժողովրդի մեջ ագիտացիա անելու, ցուցեր, հանրահավաքներ կազմակերպելու ուղղությամբ։ «Շատ կարեւոր է ուսումնասիրել այս ամբողջ խնդիրները, թե ինչպես են այս ավազակները հասել նման վերահսկման, փորձել հակաքայլեր գտնել»,- ասաց նա։
Լեւոն Զուրաբյանը նաեւ նկատեց որ ՀԱԿ կուսակցության տրանսֆորմացիայի համար շատ ժամանակ չունեցան, չհասցրեցին ստեղծել կուսակցությունը եւ հընթացս մտան պայքարի մեջ, մինչդեռ լավ կլիներ, որ ընտրությունները լինեին մեկ-երկու ամիս հետո, ինչը թույլ կտար ավելի կազմակերպված կառուցել ընթացքը, իսկ իրենք ստիպված երկու պրոցեսների մեջ մտան, ինչն ազդեցություն ունեցավ վերջանական արդյունքի վրա։ «Կոնգրեսը հայտնվել էր ճգնաժամի մեջ, դրա հիմնական աղբյուրը մարդ-կուսակցություններն էին, մարդիկ, որոնք իրենցից բացի ոչ մեկին չէին ներկայացնում, ունեին մի կնիք, որոնք չորս-հինգ տարիների ընթացքում քիչ թե շատ օգնել են շարժմանը, չդիմացան գայթակղությունների, ճնշումների: Նրանք սկսեցին օգտագործել Կոնգրեսում գործող կոնսենսուսի որոշումների մեխանիզմը՝ Կոնգրեսի որոշումներն արգելակելու նպատակով։ Կոնգրեսը հայտնվեց ճգնաժամի մեջ, ավելի շատ վեճ կար, քան՝ գործ, դա մեծ դեր կատարեց, որ մենք չմասնակցեցինք նախագահական ընտրություններին, հասկացանք, որ պետք է բարեփոխումներ կատարել, լուծումը՝ ՀԱԿ կուսակցության ստեղծումն էր»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Անդրադառնալով Կառավարության նոր կազմին՝ պատգամավորը նկատեց, որ սպորտի նախարարի նշանակմամբ հստակեցվում է, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ խզում կա, այլ փոփոխություններ նա չի տեսնում։
«Ի՞նչ եք կարծում, եթե հինգ տարի մի իշխանություն թալանել է այս երկիրը, ուղղորդել է բազմաթիվ չարաշահումներ, այդ իշխանությունը, երբ ստանում է եւս հինգ տարի կառավարելու, ո՞ր հրաշքով պետք է կերպարանափոխվեր, եթե իհարկե նրանց այս գիշեր երազում չերեւան հրեշտակներ եւ ճիշտ ճանապարհի վրա չդնեն։ Որեւէ հույս չունեմ, թե այս իշխանությունները կփոխվեն կամ որեւէ լավ գործ կանեն, մեր հույսը հրեշտակների վրա է կամ էլ ապագայում ուղղիչ գաղութների»,- նշեց նա։




























