Ճանաչված եւ սիրված մարդիկ՝ Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Լուսինե Բադալյանը եւ Արեւիկ Ուդումյանը կոչ են անում երիտասարդներին հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ եւ չխուսափել սեփական ՄԻԱՎ կարգավիճակը իմանալուց:

Հանրաճանաչ դերասաններն ու հաղորդավարները, միանալով ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, մայիսի 7-ին եւ 8-ին հետազոտվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում հանրաճանաչ ու սիրված մարդկանց (Քոֆի Անան, Վիլյամ Հենրի  «Բիլ» Գեյթս, Վլադիմիր Պոզներ, Ռիչարդ Գիր, Էլթոն Ջոն, Անի Լորակ, Բիլ Քլինթոն, Նելսոն Մանդելա) գործունեության շնորհիվ հասարակությունը կարողացել է տեղեկանալ ՄԻԱՎ-ի (մարդու իմունային անբավարարության վիրուս), փոխանցման ուղիների, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների մասին: 

Նշենք, որ այսօր մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող 493 մարդ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում եւ հնարավորություն ունեն ապրել երկարատեւ ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է:

Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 228-ըգրանցվել է 2012թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 1988-2013թթ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 323 դեպք:

Եթե փորձենք տալ վերջին 3-4 տարիներին Հայաստանում արձանագրված ՄԻԱՎ–ով ապրող տղամարդկանց եւ կանանց առավել բնութագրական նկարագիրը, կստացվի որ ՄԻԱՎ վարակով ախտորոշված տղամարդը 30-39 տարեկան, սեռական ճանապարհով վարակված աշխատանքային միգրանտ է (խոպանչի), իսկ ՄԻԱՎ վարակով ախտորոշված կինը` 20-29 տարեկան, սեռական ճանապարհով իր ամուսնուց վարակված կին: