Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 14.30-ին, անհայտ քաղաքացուց  ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի ձախ վերջնամասում գտնվող կիսակառույց շինության մոտ զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անհայտ մակնիշի, ջնջված համարներով, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՌԿԳ-3 ԵՄ» տիպի հակատանկային նռնակ, «25-61» տիպի հակատանկային նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի  60 փամփուշտով,  7.62 մմ տրամաչափի`  2 եւ 5.45 մմ տրամաչափի  73 փամփուշտ:

Արարատի բաժնի  ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 11.50-ին,  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դաշտաքար գյուղ տանող ճանապարհի աջ կողմում գտնվող էլեկտրական հենասյան տակ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային տոպրակ մեջ, հայտնաբերել է ինքնաշեն եղանակով վերափոխված եւ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրացանի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի եւ տարբեր տրամաչափի  91 փամփուշտ:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 12.35-ին,  անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղի ջրատար խողովակների տակ զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ջնջված համարներով «ՏՕԶ-8» տիպի հրազեն, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ եւ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 140 փամփուշտ:

Ողջ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, բոլոր դեպքերով կատարվում է հետաքննություն: