Մայիսի 5-ին  Հայաստանի իշխանություններն օգտագործել են կրիմնալին, պոռնիկներին, գողական տղերքին՝ ընտրազանգվածին ահաբեկելու եւ բազմակի քվեարկություն անպատիժ իրականացնելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ շեշտելով, թե  Հայաստանում հաստատվել էր ամբողջապետական գողապետական համակարգ։

Նա նկատեց, որ այս ընտրություններում տեսանք, որ ամեն բակում ՀՀԿ-ն բացել է շտաբ, բայց իրականում դրանք ոչ թե քարոզչական շտաբներ են եղել, այլ եղել են ՀՀԿ-ի վերահսկողության ահաբեկման կենտրոններ։ «Այդ մարդիկ զբաղվել են նրանով, որ համատիրությունների, պետական այլ մարմինների օգնությամբ ուսումնասիրել են բոլոր մարդկանց խոցելի կողմերը, հարկային պարտավորությունները, նրանց ազգականների մասին ինֆորմացիա են հավաքել։ Այս ամբողջը հավաքել են եւ օգտագործել անհատներին ճնշելու, նրանց կաշառելու համար։ Ընտրակաշառք տրվել է ոչ միայն փողի ձեւով, փողը տրվել է, բայց նաեւ այլ արտոնություններ են տրամադրվել, ընտրակաշառքով չեն բավարարվել, եղել են սպառնալիքներ, ճնշումներ»,- ասաց նա։

Պատգամավորը շեշտեց, որ այս ամենի հետեւանքով կարելի է  արձանագրել, որ հանրապետության ճնշող մեծամասնությունը ենթարկվել է ՀՀԿ-ի ահաբեկմանն ու վերահսկողությանը։ Նա նշեց, որ ունեն բազմաթիվ ապացույցներ, որ այդ օրը համատարած կիրառվել է  կարուսել, գունավոր գրիչների օգտագործում, քվեաթերթիկների հատուկ ծալվածք,  հոգեբանական ճնշում, մարդկանց ներշնչել են, որ իրենց քվեարկությունը գտնվում է հատուկ հսկողության տակ, նկարահանվում է, ստուգվում է,  հասել են համատարած վերահսկողության։

«Հայաստանում այդ օրը տեղի է ունեցել բաց քվեարկություն, այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում ընտրությունները վերածվել են լագերի զոնայում բանտարկյալների՝ իրենց պախանին հավատարմության երդում տալուն։ Մենք գործ ունենք օկուպացիոն ռեժիմի հետ, որը պարտադրում է քաղաքացիներին վաճառել իր խիղճը, բարոյականությունը, եւ ճնշումների ներքո գնալ եւ քվեարկել այդ ռեժիմին»։

Լեւոն  Զուրաբյանը նաեւ նշեց, որ իշխանական ճամբարից ստացան տեղեկություններ, որ ՀԱԿ-ը չպետք է անցնի ավագանի, դա իրագործվեց։ Պատգամավորի խոսքով՝ նրանք հասկացան, որ ՀԱԿ-ը միակ ընդդիմադիր ուժն է, որը բացահայտում է իր բոլոր չարաշահումները, այդ պատճառով էլ  ավագանիում որեւէ կոնգրեսական չպետք է լինի։ «Իշխանության կողմից ընդունվել է այս քաղաքական որոշումը, որ Կոնգրեսը չպետք է որեւէ մարդ ունենա ավագանոմ»,- նշեց նա։

Պատգամավորը պարզաբանեց, որ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրությունը դիվանագիտական աղբյուրներով հայտնել էր իշխանություններին, որ եթե Կոնգրեսը չհայտնվի խորհրդարանում, իրենք չեն աջակցելու այս ընտրությունը, «սա գործարք էր միջազգային հանրության եւ այստեղի իշխանությունների միջեւ, որը ոչ թե պնդել է, որ ընտրությունները ազատ անցնեն, այլ դրել են այն, որ մենք կարողանանք հաղթահարել այդ շեմը»։  Նրա խոսքով՝ այս ընտրություններին միջազգային ճնշում չի եղել, շատ թույլ վերահսկողություն կար, արտասահմանյան կազմակերպությունները չեն դիտարկել, եւ ՀԱԿ-ը  մեն մենակ էր մնացել այս հանցագործ իշխանությունների հետ եւ ահա այն արդյունքն է, որը  ունեն։