Իհարկե Հարավային Կովկասի միավորման գաղափարն իմաստազուրկ չէ, սակայն դրա հետեւորդներ կարելի է գտնել միայն Վրաստանում, քանի որ Ադրբեջանում եւ Հայաստանում նման գաղափարներին չեզոք են վերաբերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Բաքվում Հարավային Կովկասի ֆորումի ժամանակ արված վերջին հայտարարությունները:

«Վերջին 20 տարվա զարգացումները ցույց են տվել, որ մեր երկրների շահերը համարյա միշտ չեն համընկնում, ավելին` շատ տարբեր են: Իսկ միացյալ համակարգեր ստեղծվում են, երբ համընկնում են շահերը», - նշել է Ստեփան Գրիգորյանը` ընդգծելով, որ Վրաստանում եւ Հայաստանում ազատության մակարդակը հնարավոր չէ համեմատել Ադրբեջանում տիրող անազատությունների մակարդակի հետ:

Ինչ վերաբերում է Աբխազիայի երկաթուղու բացմանը` նա հայտարարել է, որ դա կոնկրետ թեմա է եւ ճիշտ չէ այն միացյալ Կովկասի ստեղծման հետ կապելը։ «Երկաթուղու բացումը կոնկրետ խնդիր է, որը հնարավոր է լուծել, իսկ միացյալ Կովկասի ստեղծումը քաղաքական մեծ խնդիր է, որի լուծմանը, հնարավոր է, ոչ ոք երբեք չհասնի«,- հայտարարել է քաղաքագետը: Նրա համոզմամբ՝ Սահակաշվիլին չի համաձայնում ադրբեջանական երկաթգծի բացման տարբերակով կոնկրետ խնդիրների լուծմանը, քանի որ նման նախաձեռնության գաղափարախոսն ու Հայաստանին այդ նախագծի մեջ ներգրավողը Բիձինա Իվանիշվիլիի թիմն է։ «Այս ամենը Վրաստանի ներսում պայքարի արտացոլումն է, այդ պատճառով էլ Սահակաշվիլին միշտ ձգտում է դիմադրել Իվանիշվիլիի նախաձեռնություններին»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում տեղի ունեցած Հարավ-կովկասյան ֆորումին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ելույթ ունեցավ մի շարք հայտարարություններով։ «Ես հույս ունեմ, որ Հարավային Կովկասը երկարաժամկետ հեռանկարում կդառնա միավորված տարածաշրջան։ Քանի որ Հայաստանին անհրաժեշտ են հարեւանների հետ կապեր, եւ նա չի կարող մեկուսացած երկիր մնալ։ Վստահ եմ, որ մենք կարող ենք Հայաստանին ներգրավել կայունության այդ ընդհանուր գոտի։ Սակայն դա պետք է տեղի ունենա որպես քաղաքական ազատականացման մաս, այլ ոչ թե պարզապես Վրաստանում երկաթգծի բացման եւ մեզ համար ռազմավարական Կարս – Ախալքալաք նախագծին միանալու հաշվին», - Գրուզիա Online-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա։