Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր՝ մայիսի 8-ին, իրականացված ընդհանուր առմամբ 32 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 17 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որեւէ փոփոխություն չի գրանցվել:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը եւ «Բարեւ Երեւան» դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 1-ականով, «Բարգավաճ Հայաստան»-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 1-ով, ՀԱԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 3-ով, ՀՅԴ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով, ՀՀԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 5-ով, իսկ ՕԵԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը մնացել է անփոփոխ:
Վերահաշվարկի արդյունքում անփոփոխ է մնացել նաեւ անվավեր քվեաթերթիկների թիվը:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչեւ 18.00-ն:




























