Այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկի եւ նրա տեղակալ Նաիրա Ավետիսյանի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Օլեքսանդր Պավլյուկը կարեւոր է համարել օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումների անցկացումը: Հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը բարձր մակարդակով իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ հանձնաժողովի հետ հնարավոր համագործակցության հեռանկարների մասին: Այս առումով Արտակ Զաքարյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անունից պատրաստակամություն է հայտնել խորացնելու գործակցությունը ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարբեր խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների գործունեությանը եւ կարեւորեցին խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժամանակակից աշխարհում կարեւորագույն գործիք: Կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարների եւ դրանում խորհրդարանական դերակատարության մասին: