Բաքվում կայացած հարավկովկասյան համաժողովում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հայտարարությունները կապված են Վրաստանի գործող իշխանությանը դիմադրելու հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:

Նրա խոսքով, Սահակաշվիլին փորձում է անընդհատ հայտարարություններ անել, որոնք միտված են գործող իշխանությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կուրսի ապակողմնորոշմանը, այսինքն, նա անում է հայտարարություններ, որոնք նպատակ ունեն գործող իշխանությանը շեղել իրենց իրականացրած քաղաքականությունից: «Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե Հայաստանին կարելի է ինտեգրել Հարավային Կովկասի միջացյալ տարածաշրջանին, շատ բարդ է համաձայնվել նրա հետ` հաշվի առնելով տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարաբերությունների բաղկացուցիչները»,- նշել է Էրոյանցը:

«Վրաստանի նախագահը նաեւ լիովին անլուրջ հայտարարություններ է արել Ռուսաստանի վերաբերյալ` որպես էներգետիկ ոլորտում Վրաստանի համար այլընտրանքի: Ընդհանուր առմամբ, դրանք կապված են ներքաղաքական գործընթացների հետ»,- ասել է փորձագետը: Նա նաեւ նշել է, թե Սահակաշվիլին անընդհատ փորձում է դու գալ Ալիեւին, երեւույթ, որ նախկինում էլ եղել է եւ շարունակվում է նաեւ այժմ: «Բայց այժմ այդ քաղաքականությունն ինչ-որ անլուրջ բանի է նմանվում, քանի որ Սահակաշվիլիի վարկանիշը լրջորեն ընկել է ինչպես Վրաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, մանավանդ, որ ան այլեւս չի կարող նախագահ ընտրվել»,- ընդգծել է Էրոյանցը: