39-ամյա Արա Հարությունյանը, հացատանը կերուխումից հետո գարջերի դատարկ շշով հարվածել է համագյուղացի սեղանակից Մակար Սահակյանի գլխին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 39-ամյա Արա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մայրաքաղաքային 16 հասցեում գործող հացատանը, գտնվելով ալկոհոլային հարբածության տակ, առանց պատճառի, խուլիգանական դրդումներով, վիճաբանության եւ կռվի մեջ է մտել սեղանակից` իր համագյուղացի Մակար Սահակյանի հետ, որի ընթացքում սեղանի վրայից վերցնելով գարեջրի դատարկ ապակյա շիշը, հարվածել է վերջինիս գլխին` առաջացնելով գագաթոսկորի ներհրված կոտրվածք` դրանով նրա առողջությանը պատճառելով ծանր` կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Այսինքն` Արա Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 112 հ. 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ`դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: